Հայաստանի ֆուտբոլի հավաքականը այսօր անցկացրեց իր երկրորդ ընկերական խաղը՝ մրցելով Մոլդովայի թիմի հետ։ Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։
Խաղի հիմնական ժամանակի ընթացքում երկու թիմերն էլ ցուցադրեցին իրենց հարձակվող հակվածությունը։ Խաղի ավարտից մեկ րոպե առաջ, 89-րդ րոպեին, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները, որոնք գրեթե ամբողջ խաղի ընթացքում գրոհում էին և ստեղծում էին գոլային իրադրություններ, Արթուր Սերոբյանի ջանքերով բացեցին հաշիվը։
Թվում էր, թե Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաղթանակի շեմում է, սակայն հենց մրցավարի ավելացրած ժամանակի ընթացքում Մոլդովայի հավաքականի ֆուտբոլիստ Վիկտոր Բոգաչուկը հավասարեցրեց հաշիվը՝ խաղը 1:1 հաշվով ավարտելով։
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Հայաստանի հավաքականը Երևանում անցկացրել էր առաջին ընկերական խաղը՝ մրցելով Ղազախստանի թիմի հետ։ Այդ հանդիպումն էլ ավարտվել էր 1:1 հաշվով։