ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը հանդիպել է Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ՝ քննարկելու երկու երկրների միջև կառուցվող 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի շինարարության ընթացքը։
Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվեցին կապալառու «Սանիր» կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը, հնարավոր խոչընդոտները և դրանք վերացնելու ուղիները։ Նախարարի տեղակալը հույս հայտնեց, որ կապալառու կազմակերպությունը կհասցնի ծրագիրը ժամանակին և պատշաճ կերպով ավարտին։
Հիշեցնենք, որ այս պահին Հայաստանի և Իրանի միջև «գազի դիմաց էլեկտրաէներգիա» սվոփային մատակարարումները իրականացվում են գործող «Ագարակ – Մեղրի» (220 կՎ) և Նորադուզ–Ագարակ (220 կՎտ) էլեկտրահաղորդման գծերով։ Իրանը Հայաստան է գազ մատակարարում գործող Իրան–Հայաստան գազատարով, իսկ Հայաստանում այդ գազից էլեկտրաէներգիա է արտադրվում, որը հետո վերադարձվում է Իրանին։
Կառուցվող 400 կՎ էլեկտրահաղորդման գիծը նախատեսված է փոխհոսքի ծավալների զգալի ավելացման, երկու երկրների էներգահամակարգերի սինխրոն աշխատանքի ապահովման և «Հյուսիս-հարավ» էներգահամակարգի շրջանակում տարանցումն ընդլայնելու համար։ Այս նորագույն ենթակառուցվածքը կամրապնդի երկու երկրների միջև էներգետիկ անվտանգությունը և կօգնի ավելի արդյունավետ կերպով կազմակերպել տարածաշրջանի էներգետիկ ռեսուրսների փոխանցումը։