Էդիկ Մալոյանի գործով նոր զարգացումներ․ Ռոման Ջավադյանը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկություններով՝ գնդապետ Էդիկ Մալոյանի գործով ներգրավված ՀՀ ՊՆ N զորամասի գաղտնիության ռեժիմի գծով սպա Ռոման Ջավադյանը կալանավորվել է։

Իրավաբանական գործընթացի համաձայն, Ջավադյանը կալանավորվել է երկու ամսով։

Հիշեցնենք, որ Էդիկ Մալոյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը դեռևս քննվում է։ Դատական նիստը տեղի է ունենում Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, որտեղ դատավոր է Մասիս Մելքոնյանը։

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Էդիկ Մալոյանը, լինելով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, չունենալով համապատասխան իրավունք, դրդել է Ռոման Ջավադյանին հրապարակել պետական գաղտնիք պարունակող տեղեկություն։ Այնուհետև, ըստ կոմիտեի, Մալոյանը հրապարակել է այդ տեղեկությունը։

Հիշեցնենք, որ Էդիկ Մալոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 426-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի ձեռք բերած անձի կողմից դրանք հրապարակելը) և 46-427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելուն դրդելը), իսկ Ռոման Ջավադյանի նկատմամբ՝ 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):