Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը՝ դիվանագիտական խաղի մաս է

Իսրայելի կառավարության՝ Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հնարավոր որոշման շուրջ ծավալվող իրադարձությունները պետք է դիտարկել ոչ թե որպես անկախ, բարոյական դիրքորոշում, այլ որպես աշխարհաքաղաքական խաղի մաս, որի հիմքում ընկած են Թուրքիայի հետ վատթարացած հարաբերություններն ու Իսրայելի ներքին քաղաքական հաշվարկները։

Ինչպես նշում եմ, Իսրայելի այս քայլը հիմնականում պայմանավորված է ոչ թե ցեղասպանության հարցի վերաբերյալ երկարատև քննարկումներով, որոնք իրականում իսրայելական հասարակության մեջ գոյություն ունեն, այլ Թուրքիայի հետ կտրուկ վատթարացած հարաբերություններով։ Իսրայելի ղեկավարությունը փորձում է ստեղծել նոր դիվանագիտական հավասարակշռություն՝ «հավասարակշռելով» Թուրքիայի կողմից իրենց դեմ գործածված ճնշումները։

Այս համատեքստում կարևոր է հիշել, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից 2018 թվականից սկսած Ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգից հրաժարվելու որոշումը, փաստացի, թույլ տվեց Թուրքիային ազատ ձեռքով գործել։ Իրավիճակը այնպիսին էր, որ Թուրքիան կարող էր ազատորեն օգնել Ադրբեջանին Ղարաբաղի դեմ պատերազմում և հետագայում՝ Արցախի հայության բռնի տեղահանման գործում, քանի որ Հայաստանը չէր կարող դրան հակադրվել։

Այսօր Իսրայելի քայլը կարելի է տեսնել որպես դիվանագիտական «ռազբորկաների» նախաշեմին Անկարայի հետ հաղթաթուղթ ձեռք բերելու փորձ։ Թե արդյոք Քնեսեթը կընդունի այդ որոշումը, թե Իսրայելը կօգտագործի այն միայն բանակցությունների համար՝ «շրջանցելով» հարցը, կախված է Անկարայի հետ հարաբերությունների հետագա զարգացումներից։

Ինչ վերաբերում է Երևանի վերաբերմունքին, ապա Հայաստանի ղեկավարությունը արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում արձագանքել Քնեսեթի հնարավոր որոշմանը՝ պնդելով, որ Հայոց ցեղասպանության թեման չպետք է վերածվի քաղաքական զենքի։ Այս դիրքորոշումը, թեև հասկանալի է իրավական և քաղաքական տեսանկյունից, բացարձակապես չի փոխում Իսրայելի քայլի իրական բնույթը՝ որպես աշխարհաքաղաքական խաղի մաս։