ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կառավարության այսօրվա նիստին ներկայացրեց նախագիծ, որի համաձայն՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով Մերձավոր Արևելքից և Հնդկաստանից վերադարձած ՀՀ քաղաքացիների կողմից փոխհատուցման համար ներկայացվել է մոտ 500 հայտ։
Նախարարության տեղեկացմամբ՝ ստացվել են ինչպես անհատական, այնպես էլ ընտանեկան դիմումներ։ Ըստ նախնական հաշվարկների՝ փոխհատուցման համար պահանջվող ընդհանուր գումարը կարող է կազմել մոտ 450 մլն դրամ։
ԱԳՆ-ի ներկայացրած տվյալներով՝ դիմումների մի մասն արդեն հաստատվել է, և դիմողները սպասում են վճարումներին։ Մյուս դիմումները գտնվում են քննարկման փուլում։
Հիշեցնենք, որ իշխանությունները նախատեսում են մինչև 250 հազար դրամ փոխհատուցում տրամադրել այն քաղաքացիներին, որոնք հակամարտության պատճառով ստիպված են եղել վերադարձի տոմսերը ձեռք բերել բարձր գնով։ Այս կանոնը կիրառվում է միայն այն դեպքում, երբ ուղևորը ավիաընկերությունից փոխհատուցում չի ստացել։
Փոխհատուցման իրավունք ունեն նաև ԱՄԷ-ում, Կատարում, Քուվեյթում և Իսրայելում ուսում ստացած ուսանողները։
Փոխհատուցում ստանալու համար դիմումը կարելի է ներկայացնել e-request.am պետական հարթակով՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում՝ ավիատոմսը։