Ոստիկանությունը կապահովի անվտանգությունը «Վերջին զանգ» միջոցառումների ժամանակ

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ մայիսի 22-23-ին «Վերջին զանգ» ծեսերի և դրանց շուրջ կազմակերպվող միջոցառումների ընթացքում հանրապետության բոլոր դպրոցներում և ժամանցի վայրերում կիրականացվի ուժեղացված ոստիկանական ծառայություն։

Այս մասին հայտնել է ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը՝ անցկացնելով համապատասխան աշխատանքային խորհրդակցություն։ Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ անվտանգության ապահովման համար կկիրառվեն հավելյալ մեխանիզմներ։

Ուժեղացված ծառայություն կիրականացվի դպրոցների տարածքում և դրանց հարակից գոտիներում՝ կայուն պահակակետերի և շրջիկ ծառայությունների միջոցով։ Ծառայությանը ներգրավված կլինեն ոստիկանության բոլոր հենասյունային ուղղությունները։

Պարեկային ծառայությունը կապահովի անվտանգությունը բանուկ խաչմերուկներում և հանդիսությունների սրահներին հարակից տարածքներում։ Գվարդիայի ծառայողները կապահովեն հասարակական կարգի պահպանումը, իսկ համայնքային ոստիկանները՝ առանձնացված տարածքներում և ռիսկային գոտիներում։

Քրեական ոստիկանները կկատարեն ծառայություն ժամանցի վայրերում՝ անչափահասների մասնակցությամբ հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով։

Կամո Ցուցուլյանը հրահանգել է ոստիկաններին ցուցաբերել անզիջում մոտեցում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու և տրանսպորտային միջոցը անչափահասին վստահելու դեպքերին։