Վարելու իրավունքից զրկված վարորդները կկարողանան վերականգնել այն մեկ տարի անց՝ փորձաշրջանով

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, որը նախատեսում է խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկված վարորդների համար նոր կարգավորում։

Նախագծի համաձայն՝ վարելու իրավունքից զրկված քաղաքացիներին առաջին անգամ կտրվի հնարավորություն վերականգնել այն առանց որակավորման քննություն հանձնելու։ Սակայն այս դեպքում նրանք պետք է կատարեն երկու պայման։ Նախ, վճարեն 50,000 դրամ պետական տուրք։ Երկրորդ՝ անցնեն մեկ տարվա փորձաշրջան՝ 6 տուգանային միավորով։

Այս նոր կարգավորումը կգործի նաև այն վարորդների համար, որոնք բազմաթիվ խախտումների պատճառով 1 տարով զրկվել են իրենց իրավունքներից և սպառել են տուգանային միավորների սահմանաչափը։ Նրանք մեկ տարին լրանալուց հետո կկարողանան վերականգնել իրենց վարելու իրավունքը՝ 13-ի փոխարեն ստանալով 6 բալային սահմանաչափ։

Եթե փորձաշրջանի ընթացքում վարորդը չսպառի իր բալերը, հաջորդ տարի նա կստանա սովորական, 13 միավոր։ Սակայն եթե նա նորից զրկվի վարելու իրավունքից, այլևս չի կարողանա վերականգնել այն առանց քննության։

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտնել էր, որ նախորդ տարի տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկվել է 5435 անձ, որոնցից 90,1 տոկոսը զրկվել էր ոչ սթափ վիճակում։

Այս նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը՝ հետևելով մայիսի 16-ին Կենտրոն վարչական շրջանում Փաշինյանի կողմից արված առաջարկին, որը նախատեսում էր խմածության հետևանքով զրկված վարորդներին քննություն չեն հանձնելու և նրանց տրամադրելու ավելի քիչ բալային սահմանաչափ։