Հայաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի տեքստը գտնվում է վերջնական համաձայնեցման փուլում։ Այս մասին այսօր հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Դեսպանը նշեց, որ փաստաթղթի ստորագրումը կնշանակի երկու երկրների միջև համագործակցության նոր ռազմավարական հորիզոնի բացում և կստեղծի լրացուցիչ հնարավորություններ։
«Մեր ցանկությունն ու կամքը հայ-իրանական գործընկերությունը ինստիտուցիոնալացնելու համար շատ լուրջ է։ Անցյալ շաբաթ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հանդիպելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նույնպես ընդգծեց այս հարցի կարևորությունը և շուտափույթ արդյունքի հասնելու անհրաժեշտությունը»,- ասաց Շիրղոլամին։
Դեսպանը հավաստիացրեց, որ Իրանը իր կողմից բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկում է համաձայնագրի վերջնական տեքստի պատրաստման համար։ Նա հույս հայտնեց, որ համաձայնագրի վերջնական տարբերակը կհամաձայնեցվի սեղմ ժամկետում, ինչից հետո Իրանը կներկայացնի պաշտոնական հրավեր ՀՀ վարչապետին՝ այն ստորագրելու համար։