Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ որպես պատճառ նշելով Հայաստանի ղեկավարության կողմից Եվրամիության հետ մերձեցման քայլերը, որոնք, ըստ Մոսկվայի, վնաս են հասցնում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում գործակցությանը։
«ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Մոսկվա՝ կապված Հայաստանի ղեկավարության կողմից Եվրամիության հետ մերձեցման քայլերի հետ, որոնք վնասում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությունը»,- նշված է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։
Այս քայլը կատարվում է այն պայմաններում, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկիրը երջանիկ կլինի, եթե ընդունվի ԵՄ, սակայն միևնույն ժամանակ պնդում է, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ։ Փաշինյանը նաև նշել է, որ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցը որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին կարծում էր, որ Հայաստանի քաղաքացիների և Մոսկվայի՝ որպես գլխավոր տնտեսական գործընկերոջ՝ շահերին համապատասխան կլիներ, եթե պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։
Այս իրադարձությունները տեղի են ունենում այն բանից հետո, երբ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նախազգուշացրել էր, որ ԵՄ չափանիշներին համապատասխանելու համար Հայաստանում իրականացվող աշխատանքները սպառնալիք են ներկայացնում ԵԱՏՄ-ի համար։
Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ և ներառում է Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Միության անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն ստեղծումից ի վեր աճել է 1.6 տրիլիոն դոլարից մինչև 3.01 տրիլիոն դոլար, իսկ անդամ պետությունների միջև առևտրի ծավալը կրկնապատկվել է։