Վանաձորում կայացած նախընտրական ելույթի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է փլուզման եզրին՝ իշխանությունների կողմից Ռուսաստանի հետ հարաբերությունների վարման հետևանքով։
«Այսօր մենք անդունդի եզրին ենք, քանի որ երկիրը պահողը, կերակրողը տնտեսությունն է։ Եթե այն քանդվի, ի՞նչ է լինելու»,- նշեց նա՝ ընդգծելով, որ տնտեսությունը չի կապվում որևէ քաղաքական ուղղվածության կամ ռուսամետ/արևմտամետ դիրքորոշման հետ։ Ըստ նրա՝ այն կա՛մ զարգանում է, կա՛մ միանգամից քանդվում։
Ծառուկյանը նաև հայտնեց, որ ստանում է հարյուրավոր զանգեր գործարարներից, որոնք իրենց արտադրած բերքը հավաքել են, սակայն չեն կարողանում արտահանել Ռուսաստան։ Նա քննադատեց իշխանություններին՝ նշելով, որ դատարկ խոստումների փոխարեն պետք է ձեռնարկվեն գործուն քայլեր՝ մարդկանց ունեցվածքը պաշտպանելու համար։
«Ասում էին, որ ունենք այլընտրանքներ։ Ունեցողը մեկը փակեց, մյուսը բացում։ Սուտ ասելուն պետք է վերջ տրվի։ Տնտեսության հիմնական շարժիչն առևտուրն է, որի համար տարիներ է պետք, որ մարդիկ ծանոթանան ապրանքի հետ, կապեն պայմանագրեր»,– ասաց քաղաքական գործիչը։
Նրա խոսքով՝ խաղաղության մասին միայն գլուխ գովելը բավարար չէ, պետք է սովորել երկրում տնտեսական ճգնաժամ չստեղծել։ Ծառուկյանը հավելեց, որ եթե իրեն տրվի հնարավորություն, կարող է մի օրում կարգավորել այս խնդիրները։