Երևանի կենդանաբանական այգին տեղափոխված գիշատիչների մասին հրապարակել է տեսանյութ

Երևանի կենդանաբանական այգին հրապարակել է տեսանյութ, որում ներկայացվում են Գագիկ Ծառուկյանի տնից տեղափոխված գիշատիչների առողջական վիճակը և կարանտինային պայմանները։

Ինչպես հայտնի դարձավ, Քրեական ոստիկանության կողմից իրականացված հատուկ գործողության հետևանքով Ծառուկյանի առանձնատնից Երևանի կենդանաբանական այգի են տեղափոխվել 3 առյուծ և 4 սպիտակ վագր։

Այգու գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը տեսանյութում նշում է, որ տեղափոխման ընթացքում առյուծներից մեկը, որը տարիքային և առողջական խնդիրներ ուներ, սատկել է։

Այգու ներկայացուցիչը մանրամասնել է մնացած կենդանիների վիճակը։ Ըստ նրա՝ երիտասարդ արու առյուծի ոտքին եղել է ամբողջությամբ չբուժված վնասվածք, իսկ սպիտակ էգ վագրի մոտ տարիքային պատճառներով բացակայում են մի քանի ատամներ։

Ասլանյանը նշում է, որ կենդանիները նորմալ են տարել նարկոզն ու տեղափոխությունը, դուրս են եկել հետնարկոզային վիճակից և գտնվում են կայուն վիճակում։

Նա նաև ընդգծում է, որ կենդանաբանական այգին չի ստացել կենդանիների առողջական պատմագիրը։ «Կենդանաբանական այգիներում կենդանիների առողջական վիճակը մանրամասն գրանցվում է, սակայն այս դեպքում մենք այդ տեղեկատվությունը չունենք»,– ասում է Ասլանյանը։

Նրա խոսքով՝ կենդանիները գտնվում են կարանտինային գոտում, որտեղ անցնում են բուժզննում և ադապտացիոն շրջան։ Այս փուլը, ըստ Ասլանյանի, նպատակ ունի ոչ միայն կենդանիներին նոր միջավայրին հարմարեցնելու, այլև անհրաժեշտ կենդանաբուժական միջոցառումներ իրականացնելու։ Միայն դրանից հետո կենդանիներին կտեղափոխեն այցելուների համար նախատեսված ազատավանդակներ։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ կասկածանքի տակ։ Դիմակավորված հատուկջոկատայինների կողմից իրականացված գործողության ընթացքում Ծառուկյանի տնից առգրավվել են նաև տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ։